Լեգենդար Ֆյոդոր Եմելյանենկոն պատմել է, թե ինչու այդպես էլ չստորագրեց UFC-ի հետ պայմանագիր։ Ռուսաստանցու կարծիքով՝ կազմակերպության ղեկավարությունը կարող էր միտումնավոր խոչընդոտներ ստեղծել նրա ելույթների համար։
Լեգենդար ռուսաստանցի ծանրքաշային Ֆյոդոր Եմելյանենկոն կրկին խոսել է UFC-ի հետ չկայացած բանակցությունների մասին և կտրուկ քննադատել Դանա Ուայթին։
«Ուշատայկա» ալիքին տված հարցազրույցում 50-ամյա մարզիկը պատմել է, որ UFC-ի առաջարկները հաճախ ստացվում էին այն պահին, երբ նա արդեն կապված էր պայմանագրով այլ կազմակերպության հետ։
Եմելյանենկոյի խոսքով՝ դա դատական վեճերի ռիսկ էր ստեղծում, որի պատճառով նա կարող էր երկար ժամանակ մնալ առանց ելույթների։
«Իմ կարծիքով՝ նրանք պարզապես ուզում էին խեղդել իմ կարիերան», – հայտարարել է «Վերջին կայսրը»։
Ռուսաստանցին նաև քննադատել է Ուայթի անհետևողական հրապարակային հայտարարությունները, ով տարբեր ժամանակներում կա՛մ ցավ էր հայտնում չկայացած համագործակցության համար, կա՛մ հակառակն էր պնդում։
Եմելյանենկոն ընդգծել է, որ ընդունելի չի համարում UFC-ի ղեկավարի բիզնես վարելու մեթոդները և չի կիսում այն կարծիքը, թե Ուայթը ոլորտի լեգենդ է։
Հիշեցնենք, որ Ֆյոդորը այդպես էլ չի հանդես եկել UFC-ում՝ չնայած բազմամյա բանակցություններին։ Մինչդեռ նա դարձել է համաշխարհային MMA-ի գլխավոր աստղերից մեկը՝ հանդես գալով PRIDE-ում, Strikeforce-ում և այլ կազմակերպություններում։